31/08/2010 14:37
ՄԱԿ-ի սեպտեմբերի 9-ի որոշման մեջ «մեծ ողբերգություն չկա»
«Չէի ցանկանա, որ մենք մեծ մտահոգություն ունենայինք սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի հնարավոր որոշման հետ կապված, քանի որ մեզ համար կարևոր է այն, որ միջազգային հիմնական խաղացողները և մեր հիմնական միջնորդները այս դեպքում էլ ունենան կոնստրուկտիվ դիրքորոշում»,- հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` անդրադառնալով ՄԱԿ-ում Արցախի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի կողմից առաջ քաշված նոր բանաձևի քննարկմանն ու քվեարկությանը:
Քաղաքագետը նշեց, որ բանաձևի ընդունման քվեարկությանը մասնակցելու են երկրներ, որոնց պարագայում հասկանալի է, որ պաշտպանելու են Ադրբեջանին: Սրա հետ միասին նա կոչ արեց` «դրանում մեծ ողբերգություն չտեսնել»:
Ասուլիսին ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը հայտնեց, որ չի կարելի գերագնահատել կամ թերագնահատել որոշումը: Միևնույն ժամանակ նա կարևորեց այն, որ բանակցությունների ձևաչափը Մինսկի Խմբի շրջանակն է և «դրա տեղափոխումը մեկ այլ դաշտ, կարող է ոչ թե օժանդակող, այլ վնասարար հանգամանք լինել բանակցությունների համար»:
«Այն ինչ սպասվում է, եղել է արդեն, և հասկանալի է, որ կողմ կքվեարկեն Իսլամական կոնֆերանսի անդամ պետությունները»,- ընդգծեց Ա. Մարկարովը:
Հիշեցնենք, որ այս խնդրին անդրադարձել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով նշել է, որ «բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են, որպեսզի այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով, դեմ են քվեարկելու այս բանաձևին կամ առնվազն, ձեռնպահ են մնալու, որովհետև շատ լավ գիտակցում են, որ այդպիսի բանաձևերի ընդունումը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա»: Նախագահն ընդգծել է նաև, որ «շատ շատերի համար պարզ է, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպիտ սխալ է թույլ տալիս, և այդ կոպիտ սխալը մենք պետք է օգտագործեք մեր նպատակներին հասնելու համար» ու հավելել է. «Ակնհայտ է, որ մեր կողմից ևս քայլեր կլինեն, և այդ քայլերը մեզ կմոտեցնեն մեր նպատակին»:
Թե ինչպիսի քայլեր կձեռնարկի Հայաստանը, ըստ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետևյալն է. «Եթե Ադրբեջանը գնա պատերազմական գործողությունների վերսկսմանը, ապա Հայաստանն ուղղակիորեն պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պետականությունը, կնքի ռազմական դաշինք և հրապարակայնորեն հայտարարի, որ ինքը ուղղակիորեն միջամտում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը»:
«Տվյալ պարագայում Հայաստանն այս որոշումը դիտարկելու է` որպես մի որոշում, որը կոնստրուկտիվ կերպով չի ազդելու բանակցային գործընթացի վրա, որը տեղի է ունենում մեզ համար ընդունելի ձևաչափում»,- ակնկալվող քայլերի վերաբերյալ նշեց Ա. Մարկարովը: