31/08/2010 14:00
Հայաստանը ևս կարող է փոխել ԼՂ հիմնահարցի քննարկման ձևաչափը
Այսօր ասուլիսի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ կուսակցության ղեկավարության կողմից համապատասխան քայլեր են ձեռնարկվելու ՄԱԿ գագաթնաժողովում Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որևէ հակահայկական բանաձև ընդունելու ուղղությամբ:
«Մենք Հայ դատի բոլոր կառույցներին այսօր հրահանգել ենք, որ լոբբինգային մեծ աշխատանք սկսեն բոլոր հնարավոր երկրների հետ, որպեսզի իրավիճակն ամբողջությամբ պարզաբանեն և թույլ չտան, որ այդ բանաձևն անցնի, որովհետև գիտեք, շատ հաճախ հարցի էությունից կտրված քննարկումներ են լինում, նման ֆորումները չեն խորանում հարցի էության մեջ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով քվեարկում են այս կամ այն բանաձևի օգտին, ինչի հետևանքով շատ հաճախ աբսուրդային բանաձևեր են ընդունվում, որի համար անգամ հետո ամաչում են»,- ասաց Ռուստամյանը, նշելով, որ ի պատասխան Ադրբեջանի նման քայլերի Հայաստանը ևս կարող է փոխել ԼՂ հիմնահարցի քննարկման ձևաչափը:
«ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակում ԼՂ կարգավորմանն ուղղված բանակցություններին զուգահեռ պետք է նախաձեռնել այլ գործընթացներ»,- ասաց նա, նշելով, որ այժմ Ադրբեջանը զբաղված է հենց դրանով:
Դաշնակցությունը ներկայացնող պատգամավորի կարծիքով, ժամանակն է, որ Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունը և հայկական երկրորդ պետության հետ կնքի իրավական փաստաթուղթ, որով հստակ հայտարարի, թե Հայաստանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ու անկախության երաշխավորը, կազմի ռազմաքաղաքական դաշինք ու ՀՀ-ԼՂՀ տանդեմ:
«Սրանք իրար լրացնող հարցեր են: Մենք պետք է կատարենք քայլեր, որոնցով ստիպենք, որ գործընթացներն ընթանան մեր ուզած ուղղությամբ: Քանի դեռ մենք մեր հարցերը ինքնուրույն ու մեր ուզած եղանակով չենք ներկայացնում ու պարտադրում միջազգային հանրությանը, նրանք մեր ձայնը չեն լսում: Պարզապես հայտարարություններով հեռու չես գնա»,- ասաց Ա.Ռուստամյանը, նշելով, որ այդ գործընթացները սկսելու համար Հայաստանի ձեռքին հաղթաթուղթ է տվել Հաագայի դատարանը` կայացնելով Կոսովոյի անկախության հռչակման վերաբերյալ հայտնի որոշումը:
Ըստ պատգամավորի, հայկական կողմը պետք է անընդհատ հնչեցնի հայ փախստականների հարցը, պահանջի փոխհատուցում: Ա.Ռուսատմյանի կարծիքով` Լեռնային Ղարաբաղում պետք է վերաբնակեցում իրականացվի, գործարկվի օդանավակայան: «Պետք է կանգնացնես կատարված փաստի առաջ»,- շեշտեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը: