01/09/2010 15:06
Բաքվի օդանավակայանի տերմինալը հակամարտության զոհ է դարձել
Բաքվի Բինա միջազգային օդանավակայանի` վերջերս վերանորոգված Նախիջևանի տերմինալը քանդվում է: Նրա տեղում արտասահմանյան չվերթների համար նոր տերմինալ պետք է կառուցվի, որի շինարարության համար պահանջվող մի քանի հարյուր միլիոն մանաթի մի մասը կհատկացվի պետբյուջեից: Նախիջևանի տերմինալն էլ ժամանակավորապես կտեղավորվի Հարավային տերմինալի անկյունում գտնվող սրճարանի տարածքում, ինչի համար նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են: «Իսկ ի՞նչ պատճառով է «AZAL»-ի նախագահ Ջահանգիր Ասգերովը քանդում վերջերս բարձր մակարդակով վերանորոգված տերմինալը, որի վրա միլիոններ են ծախսվել»,- հարցնում է «Ազադլըգը»:
Որոշ տեղեկություններով, տերմինալի քանդման պատճառը Ջ.Ասգերովի և իրեն «խան» հռչակած Նախիջևանի ինքնավար հանրապետության գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովի միջև սառը հարաբերություններն են, որ շարունակվում են Նախիջևանի օդանավակայանի նկատմամբ վերահսկողության համար նրանց միջև առկա պայքարի պատճառով: Ջ.Ասգերովի ջանքերն այդ ուղղությամբ ապարդյուն են անցել: «Հնարավոր է` տերմինալի քանդումով Ջահանգիր Ասգերովն աշխատում է ավելի խորացնել խնդիրը և վերջապես իր ձեռքը վերցնել Նախիջևանի օդանավակայանը»,- եզրակացրել է թերթը: