01/09/2010 14:45
Արևադարձային տենդը շրջանցու՞մ է մեր երկիրը
Այս տարվա անոմալ շոգ եղանակի շնորհիվ մոծակների բազմացման համար նպաստավոր պայմանների առկայության պարագայում խիստ ավելացել են Արևմտյան Նեղոս կոչվող տենդով հիվանդացության դեպքերը: Դրանք հատկապես շատ են Ռուսաստանում, որտեղ 2010 թ. հուլիսից գրանցվել է լաբորատոր հետազոտություններով հաստատված 226 դեպք, ընդ որում` հիվանդներից 6-ը մահացել են: ՌԴ գլխավոր համաճարակաբան Գենադի Օնիշչենկոյի խոսքով, հիվանդությունն արդեն սկսել է նահանջել, և վերջին օրերին նոր հիվանդներ չեն հայտնաբերվել:
Հայաստանի Հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը հավաստեց, որ «մենք նման հիվանդություն ընդհանրապես չենք ունեցել և այն տարածաշրջանին բնորոշ չէ»:
Նշենք, որ Արևմտյան Նեղոս կոչվող տենդը վիրուսային հիվանդություն է, որը բնորոշվում է տենդով, մենինգիտով, լորձաթաղանթների և լիմֆատիկ հանգույցների բորբոքումով: Վարակը մարդուն է փոխանցվում մոծակի խայթոցի միջոցով: Արևմտյան Նեղոս տենդը շատ տարածված է Հյուսիսային Աֆրիկայում, հիվանդության բռնկումներ գրանցվում են նաև Միջերկրական ծովի երկրներում, ինչպես նաև Հնդկաստանում և Ինդոնեզիայում:
Հավելենք նաև, որ այս հիվանդության բնական օջախներ կան Ադրբեջանում, Ղազախստանում, Թուրքմենիայում, Տաջիկստանում, Ռուսաստանի որոշ շրջաններում: