03/09/2010 12:52
Հայ և բուլղար գործարարները կփնտրեն համագործակցության նոր եզրեր
Սեպտեմբերի 9-ին Երևանում հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի կունենա Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողով: Ինչպես Aysor-ին տեղեկացրեցին Զարգացման հայկական գործակալությունից (ԶՀԳ), համաժողովին կմասնակցեն Բուլղարիայի Տրանսպորտի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարար Ալեքսանդր Ցվետկովը, Բուլղարիայի Առևտրի և արդյունաբերության պալատի նախագահը, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ԶՀԳ ղեկավար Ռոբերտ Հարությունյանը, ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը, երկու երկրների գործարարներ:
«Բուլղարիայից կժամանեն 11 ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք կներկայացնեն առևտրի, սերմերի, քիմիկատների, պարարտանյութերի, պղնձի և ոսկու հանքերի արդյունահանման, մշակման, ինքնաբեռնիչի առևտրի (արտադրություն, նախագծում), գլոբալ հաղորդակցության ցանցի, կրաքարի ու մարմարի արդյունահանման, մշակման, ծառատունկերի զարգացման, իրավաբանական ոլորտներ, ինչպես նաև կժամանի Արևելյան Բուլղարիայի «Ֆոլցվագեն» ընկերության լիազորված դիլլերը»,- հայտնեց գործակալության մամլո պատասխանատուն:
Նշենք, որ 2009 թ-ին Հայաստանի և Բուլղարիայի միջև ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է 146 մլն 282 հզ. դոլար, որից արտահանումը` 60 մլն 24 հզ. դոլար, ներմուծումը` 86 մլն 258 հզ. դոլար: Հայաստանից Բուլղարիա է արտահանվել հիմնականում ալյումին, մետաղի խարամ, հանքաքար, իսկ ներմուծվել են հանքային նյութեր, յուղեր, պլաստմասե և փայտե իրեր, ածուխ, թուղթ, մեխանիկական ապրանքներ և այլն: