04/09/2010 12:31
Աղթամարի եկեղեցու բացումը` 1 «կիսատ» քայլ առաջ
«Աղթամարի եկեղեցու բացման գործընթացի հետ քայլերը ներպետական պայքարի արտացոլումն է»,- այսօր ասուլիսում հայտարարեց թուրք փորձագետ Զաֆեր Յորուքը, նշելով նաև, որ Թուրքիայում սակարկություններ են ընթանում` մի մասն ասում է եկեղեցու խաչը «դնենք», մյուս մասը` «չդնենք»:
Ըստ փորձագետի, քննարկվում է 90 տարվա մերժողականությունը. կա քաղաքական կամք, որը դեռևս թույլ է, բայց որը փորձում է պայքարել 90 տարվա մերժողականության դեմ: Զ. Յորուքը հավաստիացրեց, որ Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարությունը մի շարք բարեփոխումներ անելու հարցում վճռական է, բայց, ինչպես ամեն ոլորտում, «ընտրված կառավարության և չընտրված պետության միջև պայքար կա, այսինքն կառավարությունը կարող է իրականում չկառավարել»:
Թուրքիան Լոզանի պայմանագրով պարտավորություններ ունի ազգային փոքրամասնությունների խղճի ազատության առումով և, թուրք փորձագետը գտնում է, որ Աղթամարի եկեղեցու բացումն այդ պարտավորություններից մեկն է: Զ. Յորուքի կարծիքով, եկեղեցու «կիսատ» բացումը և՛ ճիշտ է, և՛ սխալ, քանի որ թեկուզ և կիսատ վիճակով բացումը` առանց խաչի, մեկ քայլ առաջընթաց է, որովհետև եթե ընդհանրապես հրաժարվեին բացելուց, ապա պատարագ էլ չէր լինի: