04/09/2010 16:00
Հայ-ուկրաինական գործարար համաժողով` Կիևում
Սեպտեմբերի 6-ից 8-ը Կիևում կկայանա հայ-ուկրաինական գործարար համաժողով, որին մասնակցելու նպատակով հայ գործարարների խումբը վաղը կմեկնի Ուկրաինա։ Գործարար համաժողովը կազմակերպել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը (ԱԱՊ):
Հայաստանի ԱԱՊ միջազգային համագործակցության բաժնի պետ Վլադիմիր Ամիրյանը Aysor-ին հայտնեց, որ պատվիրակության կազմում ընդգրկվել են 15 ընկերությունների ներկայացուցիչներ, իսկ այն կգլխավորի ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը: Ընկերությունները ներկայացնում են մեքենաշինության, բարձր տեխնոլոգիաների, ներմուծման-արտահանման, լայն սպառման ապրանքների ոլորտներ:
Համաժողովի ընթացքում համագործակցության համաձայնագիր կստորագրվի Հայաստանի և Ուկրաինայի ԱԱՊ-ների միջև: Վ. Ամիրյանը նշեց, որ հաջորդ օրերին տեղի կունենան գործարարների անհատական հանդիպումներ:
«Գործարարների միջև առայժմ նախնական համաձայնություններ չկան, սակայն Ուկրաինայի տնտեսությունը մեծ է և աշխատող տնտեսություն է, և ես վստահ եմ, որ բոլորը գործընկերներ կգտնեն»,- հավաստեց Վ. Ամիրյանը: