04/09/2010 15:07
Ադրբեջանի քարոզչությունը հիմնված է ապատեղեկատվության վրա
Սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ներկայացվելիք հերթական նախաձեռնությունն ընդամենը կավելացնի Ադրբեջանի քարոզչական զինանոցը, իսկ այդ երկրի քարոզչությունն ամբողջովին հիմնված է ավելի շատ սինթետիկ քաղաքական տեսակետների և ապատեղեկատվության վրա: Նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:
«Այդ փաստաթուղթը, եթե նույնիսկ ընդունվի էլ, միևնույն է, կողմերի համար որևէ պարտադրիչ ուժ չի ունենալու»,- ասաց Զաքարյանը` հիշեցնելով, որ սա Ադրբեջանի կողմից ներկայացվող արդեն 6-րդ բանաձևն է:
«Բոլոր այն երկրները, որոնք քիչ թե շատ տեղյակ են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացից, կա’մ դեմ են քվեարկում, կա’մ չեն քվեարկում, կա’մ էլ ձեռնպահ են մնում»,- ընդգծեց Ա. Զաքարյանը:
ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչն օրինակ բերեց 2008-ին ներկայացված բանաձևը, որին կողմ է քվեարկել ընդամենը 39 երկիր, որից 30-ը եղել է Իսլամական կոնգրեսի երկիր: