04/09/2010 10:43
Բլերը արմատական իսլամիստներին կոչել է «անբարոյական և հետամնաց»
Բի-բի-սիին տրված հարցազրույցում, որը նվիրված էր իր հուշերի հրատարակությանը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերն իսլամական արմատականությունն անվանել է ներկայիս աշխարհի գլխավոր սպառնալիք, հաղորդում է BBC Russian-ը:
Արմատական իսլամիստները գտնում են, որ նպատակին հասնելու ցանկացած միջոց արդարացված է, այդ թվում քիմիական, կենսաբանական կամ միջուկային զենքի կիրառումը, հայտարարել է Բլերը:
Նախկին վարչապետը, որի օրոք Մեծ Բրիտանիան միացավ Աֆղանստանում և Իրաքում ընթացող պատերազմներին, մերժել է այն ենթադրությունը, թե իր վարած քաղաքականությունը կարող էր նպաստել իսլամական արմատականության աճին:
Թոնի Բլերը նշել է, որ իր տեսակետը արտաքին քաղաքականության վերաբերյալ փոխվել է 2001 թ. ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո:
«Սեպտեմբերի 11-ից հետո այսպես, թե այնպես ես զգում էի, որ վտանգի մակարդակի սահմանումը փոխվել է: Ամենալուրջ սպառնալիքը կայանում է այդ արմատական շարժման և այն փաստի համադրության մեջ, որ, եթե նրանք կարողանային, նրանք կկիրառեին միջուկային, քիմիական կամ կենսաբանական զենք»,- ասել է Բլերը:
Բլերի խոսքով, նա մտատանջվում էր հարցից, թե ինչպես հակահարված տալ իսլամական արմատականությանը և մինչև հիմա կասկածում է` արդյոք ճիշտ է վարվել: