04/09/2010 13:44
Ադրբեջանի սադրանքները պետք է միջազգային գնահատական ստանան
«Արդեն ավանդույթ են դարձել շփման գծում Ադրբեջանի ղեկավարության կազմակերպած սադրանքները, որոնց նպատակն է ձախողել հրադադարի ռեժիմը ամրապնդելուն, դիպուկահարներին շփման գծից հետ քաշելուն, բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելուն ուղղված միջնորդների ջանքերը», - «Հայլուր» լրատվական ծրագրին մեկնաբանելով վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հաճախակիացած Ադրբեջանի կողմից կազմակերպվող սադրանքները` ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Նա նշել է, որ այս անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Բաքվում ղարաբաղյան հիմնախնդիրը զուտ խաղաղ միջոցներով լուծելուն ուղղված հորդորներից եւ կոչերից ժամեր անց Ադրբեջանի ղեկավարությունը կրկին անգամ ցույց տվեց իր իրական դեմքը եւ սեփական քաղաքացիների կյանքի գնով սադրիչ գործողություններ իրականացնելու մոլուցքը:
«Այն ցինիզմը, որով իրականացվեց հունիսի 18-ի սադրանքը, կրկնապատկվեց այսօր», - նշել է ԱԳ նախարարի տեղակալը և հավելել. «Ժամանակն է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի տապալմանը եւ միջնորդական ջանքերի ձախողմանն ուղղված Ադրբեջանի նմանատիպ հուսահատ եւ սադրիչ գործողությունները իրենց համարժեք գնահատականը ստանան միջազգային հանրության կողմից»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 06:50-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արևելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների և ծավալված մերձամարտի արդյունքում ադրբեջանական գրոհայինները` ՊԲ մարտական հենակետում թողնելով 1 դիակ, հետ են շպրտվել: