06/09/2010 14:16
Ա. Շաբոյան. Ալյուրը վաճառվում է բավականին ցածր գնով
«Այսօր ալյուրը մեր հանրապետությունում վաճառվում է բավականին ցածր գնով, հնարավորինս նվազագույն գներով»,- այսօր լրագրողների հետ բրիֆինգի ժամանակ հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը:
ՏՄՊՊՀ մասնագետները հուլիս-օգոստոսին ուսումնասիրություններ են կատարել ալյուրի շուկայում նրանից հետո, երբ Ռուսաստանը էմբարգո հայտարարեց ցորենի արտահանման վրա, ինչի արդյունքում ցորենի միջազգային գները բարձրացան: Ըստ Ա. Շաբոյանի, ցորենի թանկացումներն ազդել են նաև արտաքին բեռնափոխադրումների վրա: Հիշեցնելով, որ օգոստոսին Հայաստանում ալյուրի գինը 20 %-ով նվազեց և այժմ 1 կգ բարձրակարգ ալյուրը վաճառվում է 200 դրամից ոչ ավել, նա հավաստեց, որ դա միջազգային գների համեմատ ցածր է: Օրինակ` եվրոպական երկրներում 1 տ ցորենն արժե 300 դոլար, իսկ Ուկրաինայում` 320 դոլար:
«Սուբյեկտները գտնվում են հսկողության տակ, ամեն օր մոնիթորինգ ենք իրականացնում»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը:
Անդրադառնալով հնդկաձավարի թանկացումներին, Ա. Շաբոյանը հայտնեց, որ ՊԵԿ-ից տեղեկատվություն են խնդրել այս շուկայի խաղացողների վերաբերյալ և, եթե պարզվի, որ գերիշխող դիրք ունեցողներ կան, ապա ուսումնասիրություններ կկատարվեն: