06/09/2010 11:55
ԵՄ-ն անհանգստացած է շփման գոտում Ադրբեջանի սադրանքներով
«ԵՄ-ն անհանգստացած է վերջին ժամանակներս շփման գոտում տեղի ունեցող միջադեպերով»: Այս մասին հայտարարել է Ադրբեջան ժամանած Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:
«Մեզ անհանգստացնում են շփման գոտում տեղի ունեցող միջադեպերը: Խաղաղ բանակցությունների վրա ուշադրությունը գրավելու համար պետք է լավ ուղղվածություն», - ըստ «Դեյ.ազ»-ի` ասել է Սեմնեբին և հայտնել, որ ցանկանում է քննարկել Ղարաբաղյան խնդիրը:
«Մենք հուսով ենք, որ ԵԱՀԿ համանախագահները մեզ կաջակցեն այդ հարցի ուսումնասիրության առումով և լիցք կհաղորդեն խաղաղարար գործունեությանը», - ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ վերջերս հաճախակի են դարձել Ադրբեջանի կողմից դիվերսիոն խմբերի փորձերը` ներթափանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք:
Վերջին անգամ դա տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին, երբ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արևելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը և կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: