06/09/2010 10:36
Հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ ակտիվություն
Սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու ողջ երկարությամբ արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ ակտիվություն, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, դիպուկահար հրացաններից և նռնականետերից ղարաբաղյան դիրքապահների հենակետերի վրա արձակվել է 5000-ից ավելի կրակոց: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել հատկապես Հադրութի, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղություններում:
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության` միայն Վերին Չայլու գյուղի առաջնային բնագծի վրա գիշերվա ժամը 04:45-ի սահմաններում հակառակորդը ДШК և ПК տիպի գնդացիրներից արձակել է ավելի քան 600, իսկ AК ինքնաձիգերից` շուրջ 3000 փամփուշտ։
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Աղբյուրի փոխանցմամբ` պաշտպանության բանակը կորուստներ չի կրել։