06/09/2010 09:23
ՀՀ վարչապետի գավաթը` Բելառուսի հավաքականին
Կիրակի օրը վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Վանաձոր` ներկա գտնվելու Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթի խաղարկության հանդբոլի 2-րդ միջազգային մրցաշարին։ Մրցաշարին ներկա էր հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ, դոկտոր Հասան Մուստաֆան։
Երկրորդ անգամ անցկացվող «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Իրանի և Վրաստանի հանդբոլի տղամարդկանց հավաքականները։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Սիրելի բարեկամներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս այս տոնի կապակցությամբ։ Կարծում եմ, կհամաձայնեք, որ այս մրցաշարը հաջողվեց։ Այն նոր լիցք կհաղորդի հանդբոլի տարածմանը Հայաստանի Հանրապետությունում»։
ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր թիմերին ցուցադրած գեղեցիկ խաղի համար։
Միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլում հաղթող է ճանաչվել Բելառուսի հավաքականը, որին հանձնվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթը»։ Համապատասխանաբար երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրել են Հայաստանը, Իրանը և Վրաստանը։
Ինչպես հայտնեցին ՀՀ կառավարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, Վանաձոր կատարած այցի շրջանակում Տիգրան Սարգսյանն այցելել է «Գլորիա» կարի ֆաբրիկա, շրջել է արտադրամասում, ծանոթացել արտադրատեսականուն։ Ֆաբրիկայում ներկայումս աշխատում է 500 բանվոր։ Ակնալվում է, որ աշխատատեղերի թիվը մինչև տարեվերջ կհասնի 800-ի։