07/09/2010 15:56
Փոխնախար. «Ունենք չիրացված պոտենցիալ»
«Հիդրոէներգետիկայում, ի տարբերության էներգետիկայի մյուս ոլորտների, կարող ենք արձանագրել, որ ունենք հաջողություններ. վերջին 5 տարվա ընթացքում կարողացանք առնվազն 2 անգամ ավելացնել փոքր հիդրոէլեկտրակայաններից ստացվող էլեկտրաէներգիան»,- այսօր նորվեգական Norsk Energi ընկերության հայկական ՓՀԷԿ-երի տեխնիկական կարողությունների զարգացման ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, միաժամանակ հավելելով, որ այդ աշխատանքը շարունակվում է:
Փոխնախարարի խոսքով, ներկայումս Հայաստանի ներքին սպառման էլեկտրանէներգիայի շուրջ 5 %-ն ապահովվում է ՓՀԷԿ-երի միջոցով, սակայն այդ թիվը կարելի է կրկնապատկել:
«Ունենք չիրացված պոտենցիալ: Մինչև 2020 թ. մեր ներքին պահանջարկի 10 % կարող ենք ապահովել ՓՀԷԿ-երի հաշվին: Համոզված եմ, որ 2020 թ-ին 10 %-ը բավականին իրատեսական է»,- շեշտեց Ա. Գալստյանը:
Նշենք, որ 2004-2009 թթ. ժամանակահատվածում` 5 տարվա ընթացքում, ՀՀ-ում գործարկվել է 56 ՓՀԷԿ, իսկ 1998-2004 թթ. ժամանակահատվածում` 7 տարվա ընթացքում` 17 ՓՀԷԿ: 2010 թ. ընթացքում հանրապետությունում կառուցվում են շուրջ 70 ՓՀԷԿ-եր, իսկ գործում են 82-ը: