07/09/2010 13:33
«Գնենք հայրենականը». Փառատոն Բուսաբանական այգում
Սեպտեմբերի 18-19-ին Երևանի Բուսաբանական այգում առաջին անգամ կայանալու է «Գնենք հայրենականը» խորագրով փառատոն և ցուցահանդես-վաճառք: Ինչպես այսօր ասուլիսում տեղեկացրեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, թեթև արդյունաբերության ոլորտի մոտ 25 տեղական ընկերություններ տաղավարներում կներկայացնեն իրենց արտադրանքը, հնարավոր է մասնակցեն նաև սնունդ արտադրող տեղական ընկերություններ:
Ըստ Ա. Ղազարյանի, լուրջ ուսումնասիրություններ են իրականացվել` պարզելու թեթև արդյունաբերության ոլորտում առկա իրավիճակը, և մոտ ժամանակներս կկազմակերպվեն կլոր սեղաններ` «հասկանալու համար խնդիրները և անելիքները»:
«Ոլորտն ունի պոտենցիալ և մեր թիրախային ներդրումները պետք է ուղղվեն նաև այս ոլորտ»,- նշեց ՀԱԳՄ նախագահը:
Փառատոն-ցուցահանդեսը հագեցած կլինի նաև մշակութային ծրագրերով` ազգագրական երգ, պար, մանկական խաղերի մրցույթ, էքսկուրսիա Բուսաբանական այգում, բարեգործական ակցիա և այլն: Կազմակերպիչների կարծիքով, փառատոնը նպաստելու է գործարարության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության զարգացմանը, գործարարների և հասարակության միջև բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը, հայրենական արտադրողի վարկանիշի բարձրացմանը, ներքին կոոպերացիայի ծավալմանը:
Ա. Ղազարյանը շեշտեց, որ փառատոնի վայրը նույնպես պատահաբար չի ընտրված և իրենք ցանկանում են աջակցել որոշակի չափով մոռացության մատնված Բուսաբանական այգուն: