07/09/2010 13:38
Տ.Բալայան. «Ազիմովին իր ղեկավարությունը գիտակցաբար խաբում է»
«Վերջին տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների եւ արտաքին գործերի նախարարների, ԵԱՀԿ անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով ընդունվել են մի շարք հայտարարություններ, որտեղ սեւով սպիտակի վրա նշված է բանակցային գործընթացի հիմնական խնդիրը, որից Ադրբեջանը անհաջող կերպով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը, այն է` ԼՂ կարգավիճակի հարցը, ինչը պետք է որոշվի ԼՂ բնակչության` իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության ճանապարհով», - ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը` “News.am” լրատվական կայքի խնդրանքով մեկնաբանելով Արդրբեջանի փոխարտգործնախարարի նախօրեին արված հայտարարությունը` բանակցային գործընթացի վերաբերյալ:
Ընդգծելով, որ Արազ Ազիմովը երբեք չի մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով գլխավոր հանդիպումներին եւ բանակցությունների բովանդակության մասին գիտի միայն լսելով, Տ.Բալայանը նշել է. «Ակնհայտ է, որ պարոն Ազիմովին իր ղեկավարությունը գիտակցաբար խաբում է, որպեսզի նա շարունակի առավել վստահ մոլորության մեջ գցել իր երկրի հասարակական կարծիքը»: