07/09/2010 15:44
Կարծիք. Ադրբեջանցիները վախից են աշխուժացել
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած զինադադարի խախտման դեպքերը Բաքվի հերթական դիվերսիոն գործողություններն են, որոնք արժանի հակարարված են ստանում հայկական կողմից, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը: «Մեր բանակը զգոն է, կարողանում է ժամանակին հակահարված տալ ցանկացած դիվերսիայի»,-ընդգծեց նա:
Ըստ բանախոսի` ադրբեջանական կողմից կազմակերպվող սադրանքները վկայում են այդ երկրի ներքին լարվածության մասին: «Ներքին խոհանոցում երևալու համար կազմակերպվող այդ անճար քայլերը մատնված են անհաջողության»,- նշեց նա և հավելեց, որ հայկական շարքային զինվորների կողմից ադրբեջանական դիվերսիաներին հակահարվածները վկայում են ադրբեջանական բանակի ցածր մարտական պատարստվածության մասին:
«Եթե ձախողվում են հատուկ պատրաստված այդ դիվերսանտները, ապա ի՞նչ կարելի է ասել նրանց բանակի որակի մասին»,- շեշտեց պատգամավորը, նշելով, որ դիվերսանտների ձախողումները ադրբեջանական ղեկավարությունը ժողովրդից փորձում է թաքցնել ինքնասպանությունների մասին տեղեկատվությամբ, կամ լեգենդներ ստեղծելով զոհված դիվերսանտների վերաբերյալ:
Մ.Մինասյանը գտնում է, որ ադրբեջանական կողմի աշխուժացումը կարող է պայմանավորված լինել վախով` Ղարաբաղյան կարգավորման շրջանակներում Բաքվի համար ոչ նպաստավոր զարգացումներից: Ըստ բանախոսի` Բաքուն սպասում էր, որ Մոսկվան անհապաղ կտրամադրի իրեն Ս-300 հրթիռային կայանքները, և Մեդվեդևի այցի ժամանակ որևէ ռազմա-քաղաքական փաստաթուղթ կստորագրվի, ինչը տեղի չունեցավ:
Խոսելով շփման գծում զինադադարի խախտման դեպքերի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների կողմից հնչեցված գնահատականների մասին` ՀՀԿ ներկայացուցիչն ասաց, որ դրանք «ոչ ադեկվատ են»:
«Գնահատականները պետք է լինեն հասցեագրված: Պետք է հստակեցվի, որ սադրիչ գործողությունները Ադրբեջանական կողմից են»,- ընդգծեց Մ.Մինասյանը: