07/09/2010 11:43
Norsk Energi-ն կզբաղվի հայկական ՓՀԷԿ-երի զարգացմամբ
Նորվեգական Norsk Energi ընկերությունը կորպորացիաների և միջազգային դոնորների հայկական համայնքի հետ համատեղ սկսում է հայկական փոքր հիդրոէլեկտրակայանների տեխնիկական կարողությունների զարգացման 4 ամսյա ծրագիր` 180 հզ. եվրո ընդհանուր արժողությամբ: Ֆինանասավորումը հատկացնում է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը: Նախագծին ակտիվորեն աջակցում են Ամերիաբանկը` որպես Հայաստանում փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորման առաջատար, ՀՀ էներգետիկայի նախարարությունը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, KfW-ի կողմից ֆինանսավորվող ԳՀՀ «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագիրը և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը:
Այսօր ծրագրի ներկայացման ժամանակ ծրագրի ղեկավար Իյուն Ջու Յին տեղեկացրեց, որ 4 ամիսների ընթացքում 10 մասնագետներ կվերապատրաստվեն, կկազմեն հաշվետվություններ և ՓՀԷԿ-երի հզորացման նախագծեր, որոնք կամփոփվեն դեկտեմբերի 14-ին և կառաջարկվեն պոտենցիալ ներդրողներին:
«Ծրագիրը կունենա 5 փուլ, որից 3-ը` ակտիվ` կլինեն սեմինարներ, ուսանողները կաշխատեն ՓՀԷԿ-երի սեփականատերերի հետ: Նորվեգա-հայկական համագործակցության արդյունքում կմշակվեն նոր ծրագրեր»,- ասաց Իյուն Ջու Յին:
Նա շեշտեց, որ ՓՀԷԿ-երի նախագծման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու բնապահպանական խնդիրներին:
Ծրագրի հայկական գործընկեր «Հիդրոէներգետիկա» ընկերության ղեկավար Գրիգոր Գաբայանը հայտնեց, որ նախատեսում են ծրագրի արդյունքում ստեղծել մի օրինակելի ՓՀԷԿ, որը նախատիպ կհանդիսանա մյուսների համար:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, Հայաստանում Նորվեգիայի հյուպատոս Թիմոթի Սթրեյթը, Ամերիբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, պետկան և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: