07/09/2010 12:19
«Ստամբուլյան ջարդերի գիշեր»-ից անցել է 55 տարի...
1955 թվականի սեպտեմբերի 6-ին և 7-ին թուրքական Ստամբուլ և Իզմիր քաղաքներում տեղի ունեցան հունական բնակչության ջարդերը, որոնք հետագայում դարձան նաև հայկական: Այն օրերի ողբերգալի իրադարձությունները անվանում են «Ստամբուլյան ջարդերի գիշեր» կամ «Կոնստանդնուպոլսի ազգային բնաջնջումների գիշեր»:
Քրիստոնյա բնակչության ջարդերն իրականացվել են թուրքական իշխանությունների կողմից` ի պատասխան կիպրական հույների պահանջի` ճանաչել Կիպրոսի անկախությունը բրիտանական թագավորությունից և միացնել այն Հունաստանին:
Վերջին կայծը, որը պետք է վերածվեր թուրքերի վայրագությունների, դարձավ Սալոնիկեում Քեմալ Աթաթուրքի տուն-թանգարանում տեղի ունեցած պայթյունը: Ինչպես պարզվեց հետագայում, պայթյունն իրականացրել էր թանգարանի տեսուչը, իսկ պայթուցիկը նրան փոխանցել էին թուրքական հատուկ ծառայությունները»:
Գիշերը ավերման ենթակա տների, խանութների և եկեղեցիների վրա նշաններ էին դրվել, իսկ արդեն հաջորդ գիշեր 100 հազ ավելին մարդկանց ամբոխն սկսեց կատարել իր «սև գործը»:
Այդ օրերին սպանվել է 37 մարդ, սակայն այս թիվը ստույգ չէ, քանի որ անհնարին է հաշվարկներ կատարել: Գազազած ամբոխի գործողությունների հետևանքով տուժել է 80 եկեղեցի, 4500 խանութ, 2 500 բնակարան և 40 դպրոց: Պղծվել են քրիստոնյաների գերեզմաններ: Ընդհանուր նյութական վնասը կազմել է հարյուրավոր միլիոն դոլարներ, իսկ բարոյական վնասն անչափ է…