07/09/2010 12:45
Վաշինգտոնն անհանգստացած է Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ զեկույցով
Միացյալ Նահանգներն անհանգստություն են արտահայտել Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցից, ըստ որի Թեհրանը մայիսի համեմատ 15 տոկոսով մեծացրել է իր ունեցած ցածր հարստացված ուրանի քանակը, տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:
«Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցը վկայում է այն մասին, որ այդ երկիրը հրաժարվում է կատարել միջուկային ոլորտում ստանձնած միջազգային իր պարտավորությունները, շարունակում է զարգացնել միջուկային ծրագիրը և շարժվել միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ»,- երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահի մամլո խոսնակի տեղակալ Թոմի Վիտորը:
Ըստ ՄԱԳԱՏԷ-ի, այսօր Իրանն ունի 2,8 տոննա ցածր հարստացման ուրան` մայիսյան 2,43 տոննայի փոխարեն: Այդ քանակությունը բավարար է երեք միջուկային գլխիկներ արտադրելու հմար: Բացի այդ, օգոստոսի կեսերի դրությամբ, իրանցի միջուկային մասնագետների մոտ կար 22 կիլոգրամից ոչ պակաս 20-տոկոսանոց հարստացված ուրանի պաշար, որը, Իրանի պաշտոնական հայտարարությունների համաձայն, պետք էր միջուկային ռեակտորի համար: Այդ փաստը, ինչպես նշված է զեկույցում, վկայում է այն մասին, որ Թեհրանը շարունակում է իր միջուկային ծրագիրը` չնայած իր նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցներին: