08/09/2010 15:54
ՀՌԱԿ. Նոյեմբերի 7-ից հետո ԼՂ հարցում տեղաշարժ կլինի
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին փորձում են արագացնել Ղարաբաղյան կարգավորման գործընթացը, այսօր ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը: «Անցած տարիների ընթացքում համանախագահներն այսպիսի լրջությամբ չեն վերաբերվել ղարաբաղյան հակամարտության հարցին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ինչ-որ հարց կա, որն արագացնում է նրանց մինչև տարեվերջ», - ասաց նա:
Ըստ բանախոսի` բանակցային գործընթացում իրավիճակ է փոխել հայ-ռուսական նոր համաձայնագիրը, որը Արևմուտքին կրկին դրդում է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետ և ակտիվացնել մեր երկիրը շրջանցող եներգետիկ նախագծերը, մասնավորապես` Նաբուկոն: Քաղաքական գործչի համողմամբ` համանախագահները կփորձեն Ղարաբաղյան հիմնահարցին որևէ լուծում տալ մինչև դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը:
«Կարծում եմ, նրանք ժամկետ են դրել իրենց հայտարարությունների մեջ և մինչև դեկտեմբեր պետք է հարցերը լուծեն», - նշեց նա ու հստակեցրեց, որ որոշ տեղաշարժեր հարկավոր է սպասել նոյեմբերի 7-ին` Ադրբեջանում կայանալիք ընտրություններից հետո:
Ըստ քաղաքական գործչի` այսօրվա դրությամբ Հայաստանը չպետք է շարունակի բանակցությունները Ադրբեջանի հետ, այլ դիմի միջազգային դատարան`1988-1994թթ. ընկած ժամանակահատվածում Ադրբեջանում հայ ազգաբնակչության նկատմամբ գործաց ցեղասպանության դատապարտման հայտով: «Այդ ժամանակահատվածում տեղի ունեցածը ոչ այն ինչ է, քան ցեղասպանություն»,- ասաց նա` որպես ապացույց բերևելով Թուրքիայի իշխանությունների կողմից 1915-1923թթ.-ին Ցեղասպանության իրականացման գործելաոճը: Հ.Առաքելյանի կարծիքով `միջազգային դատարան դիմելու լավագույն առիթն Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա ներկայացրած բանաձևն է:
«Հենց դա գուցե ճանապարհ բացի միջազգային դատարան դիմելու համար` ՄԱԿ-ի հովանու ներքո, որտեղ էլ կապացուցվի, որ այդ տարիներին տեղի է ունեցել ցեղասպանություն»,- ասաց նա:
Բանախոսը վստահություն հայտնեց, որ եթե ՄԱԿ-ի կոնվենցիաներն աշխատում են Կոսովոյի և այլնի պարագայում, ապա կաշխատեն նաև Հայաստանի պարագայում: «Այնպես որ մեր երկիրը պետք է այս հնարավորությունն իրագործի»,- հավելեց Հարություն Առաքելյանը, նշելով, որ «միայն Մինսկի խմբի ուսերին պետք չէ թողնել հակամարտության կարգավորման խնդիրը, առավել ևս, որ այն դատավոր ու դատարան չէ»: