08/09/2010 14:40
Դպրոցական համազգեստի բիզնեսը` ԿԳ նախարարի ձեռքերում
Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովի և տարբեր գործարարների միջև դպրոցական համազգեստի բիզնեսի պատճառով պատերազմ է սկսվել: Դպրոցական համազգեստի եկամտաբեր բիզնեսը նախարարը ոչ ոքի չի ուզում զիջել:
«Ազադլըգը» գրում է, որ Մ.Մարդանովի հրահանգով, բոլոր աշակերտները պետք է իրենց դպրոցական համազգեստները գնեն միմիայն Բաքվի կարի տան (նախկին Վոլոդարսկիի անվան ֆաբրիկա) արտադրությունից, ինչն էլ հանգիստ չի տալիս շրջանների գործադիր ղեկավարներին ու գործարարներին: Թերթին հասած տեղեկություններով` նրանք արդեն Չինաստանից մեծ քանակությամբ նման դպրոցական համազգեստ են ներկրել և սկսել դրանց վաճառքը շրջաններում: Սակայն Միսիր Մարդանովը դրա ճարն էլ է գտել: Նախարարի ցուցումով, համազգեստ գնած աշակերտներից կտրոն են պահանջում, որպեսզի պարզեն, թե որտեղից է այն ձեռք բերվել: Եթե համազգեստը Բաքվի կարի տան արտադրության չէ, այդ հագուստով աշակերտին արգելվում է դպրոց մտնել:
«Նախկինում աշակերտներին թույլատրվում էր հագնել մասնավոր դերձակների կարած հագուստը: Սակայն տեսնելով, որ դպրոցական համազգեստից կարելի է միլիոններ աշխատել` Միսիր Մարդանովը որոշել է իր մենատիրության տակ վերցնել այդ բնագավառը»,- գրում է «Ազադլըգը»: