08/09/2010 16:20
IT ընկերություններից «ողջ» է մնում 1/3-ը. Պետք է ստեղծել ավելին
Թեև 2009 թ. տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի աճը կազմել է 17 %, ու դա պետք է բավարարեր շահագրգիռ կողմերին, սակայն, իրականում առկա մարտահրավերների պայմաններում այդ աճը անբավարար է: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նա պարզաբանեց, որ IT ոլորտի հայեցակարգով, որը կառավարությունն ընդունել է 2008 թ., նախատեսվում է մինչև 2018 թ. ունենալ 1000 տեխնոլոգիական ձեռնարկություն: Հաշվի առնելով ոլորտի ռիսկայնությունը և այն հանգամանքը, որ նորաստեղծ ընկերություններից ընդամենը 1/3-ը կամ 1/5-ն է «ողջ» մնում, ապա, Կ. Վարդանյանի հաշվարկներով, պետք է ստեղծվի 3000 ձեռնարկություն` տարեկան մոտ 300:
«Բայց առանց պետության կամ որևէ այլ միջամտության տարեկան ստեղծվում է մոտ 30 ձեռնարկություն, այսինքն 10 անգամ ավելի պակաս, քան մենք նախանշել ենք: Սա լուրջ մարտահրավեր է, որպեսզի հատուկ ենթակառուցվածք ստեղծվի նոր ընկերությունների ստեղծման համար»,- նշեց նա:
Կ. Վարդանյանի համաձայն, ժամանակին նման խնդիր է ունեցել նաև Սինգապուրը, երբ երիտասարդ մասնագետները նախընտրել են աշխատել մուլտինացիոնալ ընկերություններում, քան` զբաղվել ձեռներեցությամբ. «Հարաբերակցությունը 90:10 էր, հետո ջանքեր գործադրեցին և այդ հարաբերակցությունը փոխեցին 40:60, և 60-ն ուզում են սեփական ձեռնարկություն ունենալ: Հուսով եմ, մենք էլ այդ ուղղությամբ կգնանք»: