08/09/2010 15:12
Հ.Մարգարյան. Ադրբեջանը կհանի բանաձևը օրակարգից
Հայաստանը իրականում շուտվանից է ճանաչել ԼՂՀ անկախությունը, սակայն իրավական ճանաչումը դեռ պետք չէ, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: Նա հայտարարեց, որ իր կուսակցությունը կիսում է իշխող կոալիցիայի մյուս գործընկերների այն դիրքրորոշումը, որ ԼՂՀ ճանաչումը Հայաստանի կողմից կարող է բացասական ազդեցություն ունենալ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա: Միևնույն ժամանակ, ըստ բանախոսի, ՕԵԿ-ը միշտ կողմ է եղել ԼՂՀ ճանաչման միջազգային գործընթացին:
«Մեզ համար ԼՂՀ անկախության ճանաչումը ինքնանպատակ չէ: Բանակցային այս փուլում ճանաչումը կարող է նպատակահարմար չլինել»,- պարզաբանեց պատգամավորը, նշելով, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը միշտ մնում է օրակարգում:
«Թղթի վրա որոշմամբ չէ: Դե-ֆակտո` Հայաստանը, բնականաբար, ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և միշտ կաջակցի Լեռնային Ղարաբաղին, որպեսզի այն միջազգային ճանաչում ստանա»,- նշեց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջերս ակտիվացած սադրանքներին ԵԱՀԿ և Մինսկի խմբի համանախագահների վերաբերյալ գնահատականներին, Հ,Մարգարյանը կարծիք հայտնեց, որ նման զուսպ հայտարարությունները պատճառաբանված են կողմնակալության մեղադրանքներից զերծ մնալու տրամաբանությամբ:
«Կարծքում եմ, որ ավելի հավասարակշռված, ոչ միակողմանի դիրքորոշում են հայտնել` հետագա բանակցություններին չխոչընդոտելու համար, չնայած բոլորը գիտեն, ավելին`Մինսկի խումբը գիտի, որ այդ ամեն ինչի հետևում կանգնած է Իլհամ Ալիևը»,- ասաց պատգամավորը:
Խոսելով Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը ներկայացված նախագծի վերաբերյալ, ՕԵԿ պատգամավորը վստահություն հայտնեց, որ Բաքուն հետ կվերցնի իր առաջարկը:
«Կարծում եմ, որ բանակցային գործընթացում Ադրբեջանը ևս չպետք է առաջնորդվի նման մղումներով և չներկայացնի նման բանաձևեր: Իմ ունեցած տեղեկություններով` այս օրակարգից Ադրբեջանը կհանի բանաձևը: Դա սարերի հետևում չէ, ականատեսը կլինենք»,- ասաց Հ.Մարգարյանը: