08/09/2010 10:46
Օբաման և Ռասմուսենը փակ քննարկում են անցկացրել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսսենը երեքշաբթի Վաշինգտոնում քննարկել են Լիսաբոնում կայանալիք դաշինքի գագաթնաժողովի նախապատրաստությունը, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու դաշինքի հնարավորությունները, հաղորդել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
Բանակցությունները մամուլի համար փակ էին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բանակացություններից առաջ կարճ շփում է ունեցել լրագրողների հետ:
«Նախագահը և գլխավոր քարտուղարը քննարկել են Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը նախատեսվում է նոյեմբերի 19-20-ը, ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական կոնցեպցիան, որը բարձրացնում է 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու ալյանսի կարողությունը և վերաբերում է հակահրթիռային պաշտպանությանը, ինչպես նաև կիբերպաշտպանությանը: Օբաման և Ռասմուսսենը խոսել են նաև ՆԱՏՕ-ի վերաձևավորման մասին»,- ասվում է մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ցուցաբերած օգնության համար: Օբաման և Ռասմուսսենը քննարկել են նաև Պակիստանում իրադրությունը, հաղորդել է մամլո ծառայությունը: