08/09/2010 12:49
Յուրի Պատրիկեևը` աշխարհի փոխչեմպիոն
Մոսկվայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 7-ին կայացան ևս երեք քաշային կարգերի մասնակիցների գոտեմարտերը: Սպասելիքներն արդարացրեց օլիմպիական խաղերի և աշխարհի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր, գերծանրքաշային Յուրի Պատրիկեևը:
Նա հաղթանակներով իր համար ուղի հարթեց դեպի եզրափակիչ: Վճռական գոտեմարտում Պատրիկեևի մրցակիցը Պեկինի օլիմպիական խաղերի և աշխարհի եռակի չեմպիոն կուբացի Նունյես Լոպեսն էր: Չեմպիոնը հավատարիմ մնաց իր կոչմանը և հաղթանակ տոնեց, իսկ Յուրի Պատրիկեևը գրավեց երկրորդ տեղը: Պատրիկեևի նվաճած արծաթե մեդալը գոհացնող է, մանավանդ որ նա բարելավեց իր արդյունքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներ Վահան Ջուհարյանը (60 կգ) և Դենիս Ֆորովը (84 կգ) նախնական փուլում ձախողվեցին և դուրս մնացին մեդալների համար պայքարից: Իսկ նախօրյակին բրոնզե մեդալ էր նվաճել Ռոման Ամոյանը (55 կգ):
Այսօր` սեպտեմբերի 8-ին, մրցագորգ կելնի Հայաստանի վերջին` յոթերորդ պատվիրակ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ):