08/09/2010 17:15
Տավուշի և Վիտեբսկի մարզերը կընդլայնեն համագործակցությունը
Այսօր Երևանում Հայաստանի Տավուշի մարզի և Բելառուսի Վիտեբսկի մարզի առևտրաարդյունաբերական պալատների (ԱԱՊ) միջև կնքվել է համագործակցության մասին համաձայնագիր:
«Վիտեբսկը Բելառուսի ամենաարդյունաբերական շրջանն է, որի հետ կապերի ամրապնդումը կանխորոշում է միայն խոստումնալից ապագա: Հույս ունենք, որ համագործակցության արդյունքում մեր երկու երկրների գործարարների միջև շփումներն ավելի կակտիվանան, առևտրաշրջանառության ծավալներն ավելի կմեծանան` նպաստելով և՛ Հայաստանի, և՛ Բելառուսի տնտեսությունների զարգացմանը»,- ստորագրման արարողությունից հետո ասաց ԱԱՊ գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Բելառուս գործարարները նույնպես փաստել են, որ երկու հանրապետությունների միջև տնտեսական համագործակցության մեծ պոտենցիալ կա, թեև վերջին տարիներին հայ-բելառուսական ապրանքաշրջանառության ծավալները նվազում են: Բելառուսական պատվիրակության ղեկավար, Վիտեբսկի մարզի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Օլեգ Մացկևիչի խոսքով, իրենք զարմացած են Իջևանի քարի վերամշակման գործարանում կիրառվող տեխնոլոգիաներից, Դիլիջանի հանքային ջրերի գործարանի արտադրության որակից և արտադրական ծավալներից:
Կողմերի միջև մի շարք պայմանավորվածություններ են ձեռքբերվել. մասնավորապես, Վիտեբսկից Հայաստան կներկրվի մսամթերք և կաթնամթերք, Հայաստանում կձեռնարկվի մարտկոցների արտադրություն, որոնք կարտահանվեն Բելառուս, և այլն:
Առաջիկայում ծրագրվում է Տավուշի մարզի պատվիրակության այցը Վիտեբսկ, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները կծանոթանան այդ մարզի առևտրատնտեսական, կրթական, մշակութային ներուժին:
Նշենք, որ Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության ծավալը այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 19.9 մլն դոլար: Հայաստանից արտահանումը կազմել է 1.9 մլն դոլար, ներկրումը` 17.9 մլն դոլար: Հայաստանից Բելառուս հիմնականում արտահանվում են էթիլային սպիրտ, դեղամիջոցներ, ոսկերչական ապրանքներ, քարեր, ցեմենտ, միրգ, նեկտարին և այլն: Բելառուսից Հայաստան ներկրվում է խտացրած կաթ, կաթի փոշի, կարագ, շոկոլադ, դեղամիջոցներ, լուցկի, անվադողեր, էլետրական սարքավորումներ, էքսկավատորներ, խաղալիքներ, կահույք և այլն: