10/09/2010 17:41
Ն. Երիցյան. «Զարգացումը չվախենալու մեջ է»
Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջիկա տարիներին երկրի զարգացման նախընտրելի ուղղությունները բացահայտելու նպատակով այս օրերին քննարկում է նախաձեռնել: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
«Կառավարությունը փոքր թիմով, նաև Ազգային Ժողովից և վերջում կամփոփվի նախագահի ներկայությամբ, քննարկելու ենք մոտակա 5, 10, 20 տարիների այն զարագացման ուղիները, որոնք կարող են Հայաստանին առաջընթաց ապահովել»,- ասաց Ն. Երիցյանը:
Նրա խոսքով, հետճգնաժամային ժամանակաշրջանում աշխարհը փոխվել է և բոլոր երկրները մտածում են օգտվել այդ նոր իրավիճակից ու նոր զարգացում ապահովել` «այնպիսի զարգացում, որ իրոք ժողովրդի բարեկեցությունը էապես կբարելավի»:
Այս նպատակով Հայաստան է հրավիրվել նաև Հարվարդի համալսարանի միջազգային զարգացման կենտրոնի տնօրեն, Քենեդիի անվան կառավարման ինստիտուտի տնտեսական զարգացման ֆակուլտետի պրոֆեսոր, Վենեսուելայի էկոնոմիկայի նախկին նախարար Ռիկարդո Հաուսմանը: Ն. Երիցյանի բնորոշմամբ, Ռ. Հաուսմանը շատ հետաքրքիր խոսնակ է և մեր երիտասարդությանը կարող է ոգևորել, ցույց տալ, թե մյուս երկրները զարգացման համար ինչ են անում:
«Զարգացումը չվախենալու մեջ է, զարգացումը գաղափարների բազմազանության մեջ է, և ոչ թե մեկ գաղափարից կառչելու և իներտություն դրսևորելու մեջ է»,- ընդգծեց նախարարը: