10/09/2010 14:55
Բանաձևի հետ կանչելը` սառը ցնցուղ Ադրբեջանի համար
Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգից իր իսկ կողմից առաջարկվող բանաձևի հետ կանչելը հայկական դիվանագիտության հաղթանակն է, այսօր ասուլիսի ժամանակ հայտատարեց պատմության գիտությունների թեկնածու Էդգար Հովհաննիսյանը: Ըստ բանախոսի, օրակարգից բանաձևի հետ կանչելուն նպաստեց այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող երկրները չցանկացան տեղափոխել Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծումը մեկ այլ հարթակ:
«Սա հերթական սառը ցնցուղն է Ադրբեջանի համար»,- ասաց փորձագետը, կարծիք հայտնելով, որ օգտվելով Թուրքիայի նախագահությունից այժմ Բաքուն կփորձի ինչ-որ բանաձև անցկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ինչը ևս անհաջողության կմատնվի:
Ասուլիսի մյուս մասնակից, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հանրային խորհրդի անդամ, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը համոզմունք հայտնեց, որ եթե նույնիսկ բանաձևը մնար ՄԱԿ-ի ԳԱ օրակարգում, կտապալվեր:
«Համոզված եմ, որ որևէ գերտերություն այդ փաստաթղթին կողմ չէր քվեարկի, և Ադրբեջանը դա հստակ տեսավ»,- ասաց նա, հավելով, որ թեև սա իսկապես հայ դիվանագիտության հաղթանակն է, Հայաստանը դեռ շատ անելիք ունի, քանի որ Ադրբեջանն անկասկած կշարունակի փորձեր կատարել, որպեսզի միջազգային քաղաքականության մեջ շրջանառության մեջ դրվի «Հայաստան-օկուպանտ» հասկացությունը:
«Սակայն իրականում մենք անելիք ունենք: Հայաստանը պետք է հետևողական լինի և միջազգային քաղաքականություն ներմուծի «ԼՂՀ օկուպացված տարածքներ» տերմինը, որի մասին խոսել է նաև փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը»,- շեշտեց փորձագետը:
Ըստ Դ.Ջամալյանի, Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող զարգացումները փաստում են, որ հայկական կողմը հետևողականորեն պետք է կիրառի «ԼՂՀ օկուպացված տարածքներ» տերմինը: Բանախոսի խոսքերով` դա կարևոր է նաև Լեռնային Ղարաբաղում փաստահավաք առաքելության իրականացման համար:
«Այն ունակ է հիմնավորել հայ փախստականների բնակվելու հանգամանքը` ԼՂՀ Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում»,-պարզաբանեց բանախոսը, շեշտելով, որ «Արցախն ամբողջապես ազատագրված է, և ոչ թե նրա մի հատվածը»: