10/09/2010 16:41
Նիկոյան. «Ադրբեջանին մատնացույց արվեց ԵԱՀԿ ՄԽ գործնթացը»
«Այն, որ Ադրբեջանը իր կողմից ներկայացված բանաձևի նախագիծը հանեց քննարկումից և քվեարկությունից` խնդրելով համապատասխան օրակարգի կետը տեղափոխել ԳԱ 65-րդ նստաշրջանի օրակարգ, չի նշանակում, որ նա դա արել է որպես բարի կամքի դրսևորում, ինչպես ինքն է փորձում ներկայացնել: Նա ստիպված է գնացել այդ քայլին»,- անդրադառնալով ՄԱԿ Գլխավոր ասամբելայում տեղի ունեցած զարգացումներին՝ Aysor-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Սամվել Նիկոյանը:
Նրա խոսքերով, սա նշանակում է, որ մեր արտաքին քաղաքականության պատասխանատուները` այս հարցի հետ կապված, տևական ժամանակ նպատակային և արդյունավետ աշխատանք են կատարել:
Ըստ նրա` ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուները կատարել են, կատարում են և կատարելու են համապատասխան կազմակերպված աշխատանք Ադրբեջանի` նման ցանկությունները զսպելու համար:
«Ակնհայտ է, որ միջազգային հանրությունն Ադրբեջանին մատնացույց է անում ԵԱՀԿ ՄԽ գործընթացը, որն արդեն իսկ ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը»,- ասաց ԱԺ փոխնախագահը: