11/09/2010 13:18
Բանաձևն Ադրբեջանին պետք էր ներքին սպառման համար
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում Ադրբեջանի առաջարկած բանաձևը տապալվեց ոչ այդքան հայկական դիվանագիտության հմուտ աշխատանքի, որքան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հավաքական դիրքորոշման շնորհիվ, այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Մինսկի խումբը նախագահող գերտերությունները դեմ արտահայտվեցին բանաձևին, որպեսզի շեշտեն, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի միայն ԵԱՀԿ շրջանակներում», - նշեց բանախոսը:
Ըստ փորձագետի, ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին բանաձևի ներկայացնելն Ադրբեջանին պետք էր ավելի շատ քարոզչական նպատակների համար, մանավանդ` ներքաղաքական, քանի որ նոյեմբերի 7-ին այդ երկրում խորհրդարանական ընտրություններ են սպասվում:
«Ղարաբաղյան բանակցային գործընթացի այլ հարթակներ տեղափոխելու փորձերը միտված են ներքաղաքական խնդիրների լուծմանը` ոչ թե հիմնահարցի»,-նշեց Ա.Իսկանդարյանը:
Կովկասի ինստիտուտի տնօրենը չի կիսում այն տեսակետը, թե Հայաստանը ՄԱԿ-ում ևս պետք է ներկայանա Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ պատասխան բանաձևով:
«Դիվանագիտական աշխատանքը ՄԱԿ-ում և այլ հարթակներում պետք է, բայց պետք չէ նմանվել Ադրբեջանին»,- ասաց նա, հիշեցնելով, որ 2008 թվականին Ադրբեջանի կողմից ներկայացված հերթական բանաձևը խայտառակ ձևով էր ընդունվել. 192 երկրներից կողմ էին քվեարկել ընդամենը 39-ը: