13/09/2010 14:59
Լենքորանը Ադրբեջանով Եվրոպա թմրանյութերի տարանցման գոտի է
Անցյալ շաբաթ Լենքորանում ոստիկանության և բնակչության միջև տեղի ունեցած բախման վերաբերյալ նոր տեղեկություններ են ի հայտ եկել: Հիշեցնենք` միջադեպի արդյունքում 30-ից ավելի մարդ էր ձերբակալվել, և շրջանում արտակարգ դրություն էր հայտարարվել:
Իրադարձության մասին առաջին տեղեկություններում ասվում էր, որ բախումներն սկսվել են, երբ Լենքորանի մոտակա գյուղի մզկիթի մոտ հավաքված մարդկանց վրա անհայտ անձինք սկսել են կրակել, ինչի արդյունքում մի գյուղացի զոհվել, մյուսն էլ ծանր վիրավորվել է: Բացի այդ, բախման պատճառ է դարձել նաև Լենքորանի մզկիթի ախունդին (հոգևոր հովիվ, մոլլա) նորով փոխարինելու հարցում հավատացյալների միջև անհամաձայնությունը: Այնուհետև տեղեկատվություն տարածվեց, որ լարվածությունը շարունակվում է` միջադեպի արդյունքում ձերբակալված անձի համար բողոքի դուրս ելած մարդկանց և ոստիկանության միջև բախումների հետևանքով:
Սակայն, «Pia.az» տեղեկատվական կայքը հայտնում է, որ իրականում տարածաշրջանում իրավիճակը սրել են Լենքորանը որպես թմրանյութերի տարանցման գոտի օգտագործող նարկոբարոնները, որոնց գործընկերներին նախօրեին անհանգստացրել են թմրանյութերի դեմ պայքարի գծով կառույցի տեղացի և Բաքվից եկած իրավապահները: Այդ մասին կայքին տեղեկացրած աղբյուրը հայտնել է, որ թմրանյութերի առևտրով զբաղվողները, աժիոտաժ ստեղծելով Լենքորանում, ցանկանում են Իրանից բերած թմրանյութերն առանց խնդիրների անցկացնել Ադրբեջան և այդտեղից էլ` Եվրոպա: Դրա համար Իրանի հետ մեծ կապեր ունեցող նարկոբարոնները օգտագործում են իրանամետ տեղացի կրոնականներին և հավատացյալներին` ոստիկանության ուշադրությունը հիմնական հարցից` նարկոբիզնեսից շեղելու նպատակով: