13/09/2010 12:54
Հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 456 դեպք` մեկ շաբաթում
Սեպտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 456 դեպք, որոնց արդյունքում հայկական դիրքապահների ուղղությամբ հակառակորդը արձակել է 10.000-ից ավելի փամփուշտ: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից:
Հատկանշական է, որ հակառակորդը օգտագործել է ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր, մասնավորապես «СВД» և «Սև նետ» տիպի դիպուկահար հրացաններ, «ПК», «ДШК» և «УТЁС» տիպի գնդացիրներ, ինչպես նաև նռնականետեր:
Հակառակորդն ավելի ակտիվ է եղել սեպտեմբերի 5-ին և 6-ին: Միայն այդ երկու օրերին ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակվել է 1800-ից ավելի գնդացրային կրակոց:
Պաշտպանական գոտու բոլոր ուղղություններում տեղակայված ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: