13/09/2010 12:41
Դեղտրիկյան. «Շեքսպիրի նման մեծությունը միշտ արդիական է»
Սեպտեմբերի 15-ին մեկնարկում է «Շեքսպիրյան փառատոնը», որի սկիզբը կդրվի հայտնի դերասան Արա Դեղտրիկյանի դերակատարմամբ «Մակբեթ» ներկայացմամբ: Դերասանն այսօր հանդիպել էր լրագրողների հետ:
«Նմանատիպ փառատոնների առավելությունն այն է, որ հանդիսատեսին կամ արվեստագետին հնարավորություն է տրվում շփվել օտարազգի մշակույթին, քանի որ փառատոնի շրջանակներում Հայաստան են գալիս են տարբեր երկրներից բազմաթիվ թատերեխմբեր` իրենց հետ բերելով թատերական նոր ձեռագիր»,- ասաց Դեղտրիկյանը:
Նա նշեց, որ իր դերակատարմամբ «Մակբեթ» ներկայացումը տարբերվում է իր վառ երևակայությամբ, միստիկությամբ և ռեժիսորական բարդ աշխատանքով, որը կատարել է ռեժիսոր, բեմադրիչ Վահան Բադալյանը: Դերասանը կարծում է, որ «Մակբեթ-ը» քիչ է բեմադրվում, քանի որ այն բարդ ստեղծագործություն է:
Շեքսպիրը դրամատուգիայի այն հսկաներից է, ըստ Դեղտրիկյանի, ում պետք է անդրադառնալ ոչ միայն փառատոնի շրջանակում. «Շեքսպիրի նման մեծությունը միշտ արդիական է և բոլոր ժամանակների համար»:
Նշենք, որ «Շեքսպիրյան փառատոնը» կանցկացվի սեպտեմբերի 15-24-ը` ՀՀ մշակույթի նախարարության և Թատերական գործիչների միության նախաձեռնությամբ: Այս տարի փառատոնը նվիրվում է թատերագետ, ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Շեքսպիրյան կենտրոնի հիմնադիր Ռուբեն Զարյանի ծննդյան 100-ամյակին: