13/09/2010 12:21
ՆԱՏՈ-ն կոչ է անում ՀՀՊ համակարգ ստեղծել Իրանի դեմ
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը կոչ է արել Իրանի հնարավոր հրթիռային հարձակումից պաշտպանվելու նպատակով նոր համաեվրոպական ՀՀՊ համակարգ ստեղծել: Իտառ-Տասս-ը հայտնում է, որ, ըստ բրիտանական «Սանդի տելեգրաֆի», ՆԱՏՈ-ի պաշտոնյան հայտարարել է, որ հակահրթիռային այս վահանի ստեղծմանը պետք է նաև Ռուսաստանին հրավիրել:
Ըստ Ռասմուսսենի` գաղափարն արդեն արժանացել է ԱՄՆ հավանությանը, և 200 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ այս պաշտպանական նախագծի իրականացման հարցերը կքննարկվեն նոյեմբերին Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՈ-ի գագաթնաժողովի ժամանակ:
«Հիմք ընդունելով իրանցիների հայտարարությունները, մենք գիտենք, որ Իրանն արդեն ստեղծել է հեռահար գործողությամբ հրթիռներ, որոնք կարող են հարվածել Եվրոպայում գտնվող նշանակետերին, և նրանք չեն թաքցնում, որ ցանկանում են շարունակել ավելացնել իրենց հզորությունները»,- ասել է ՆԱՏՈ-ի Գլխավոր քարտուղարը:
«Եթե Իրանը ի վերջո միջուկային զենք ստանա, դա կարող է դաշինքի համար լրջագույն և անմիջական վտանգ ստեղծել», - հավելել է նա:
Ռասմուսսենը գտնում է, որ եվրոպական հակարթիիռային նոր համակարգը հնարավոր կլինի ստեղծել արդեն իսկ գոյություն ունեցող ՀՀՊ համակարգերի հիման վրա, ինչը ոչ միայն կէժանացնի նախագծի իրականացումը, այլ նաև` կհեշտացնի այն:
«Եթե ՆԱՏՈ-ն որոշի ՀՀՊ համակարգի ստեղծման մասին, այդ ջանքները պետք է զուգորդվեն ռուսների հետ համագործակցությանը: Դա իմաստ ունի անվտանգության տեսանկյունից: Իրականում մենք կստեղծեինք ՆԱՏՈ-ի ՀՀՊ` ռուսականի կողքին»,-ասել է նա: