13/09/2010 13:30
Շևարդնաձե. Վրաստանի ժողովուրդը դժգոհ է Սահակաշվիլիից
«Եթե Միխեիլ Սահակաշվիլին խորհրդակցեր ինձ հետ, ապա նրա գործերը, Վրաստանի ժողովրդի և երկրի կառավարության վիճակն ավելի բարվոք կլինեին, քան հիմա»,-ըստ վրացական լրատվամիջոցների, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն` նշելով, որ Վրաստանի ժողովուրդը դժգոհ է Սահակաշվիլիի քաղաքականությունից:
Միևնույն ժամանակ Սահակաշվիլին հայտարարում է, որ «Շևարդնաձեի խորհուրդների կարիքը» չունի: Վրաստանի նախագահը վերջին ժամանակներում մի քանի անգամ հրապարակայնորեն քննադատության է արժանացրել Շևարդնաձեի քաղաքականությունը` մեղադրելով նախկին նախագահին. «Շևարդնաձեն աղետի է հասցրել Վրաստանը»:
«Այսօր Շևարդնաձեն հաճախ է ելույթ ունենում և խելք սովորեցնում, բայց չի հիշում այն մասին, թե ինչ կործանարար քաղաքականություն էր վարում իր կառավարման ժամանակ»,- հայտարարում է Սահակաշվիլին:
Նա նաև հայտարարել է, թե վերջին 7 տարիների ընթացքում Վրաստանում «իսպառ վերացել է կոռուպցիան, երկիրը հաջողությունների է հասել տնտեսական ոլորտում, ինչը փաստում են միջազգային կազմակերպությունների բարձր գնահատականները»: