14/09/2010 09:43
ՏՀՏ լիդերները կհանդիպեն հոկտեմբերի 9-10-ը Ստեփանակերտում
Հոկտեմբերի 9-10-ը «ՏՀՏ լիդերների առանց փողկապի հանդիպում» հերթական ֆորումը կկայանա Արցախի Ստեփանակերտ քաղաքում: Ինչպես Aysor-ին հայտնեց ֆորումի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, հանդիպման ընթացքում քննարկվելու են Հայաստանի շրջաններում տեխնոլոգիական ձեռներեցությունների զարգացման խնդիրները:
«Կքննարկենք տեխնոլոգիաների կիրառումը բժշկության, արդյունաբերության ասպարեզներում, կրթական խնդիրները, հեռահաղորդակցության խնդիրները»,- ասաց Կ. Վարդանյանը:
Նրա գնահատմամբ, ՏՀՏ դրությունը Հայաստանի բոլոր շրջաններում է վատ, այդ թվում և Ղարաբաղում, առկա են ինտերնետի գնային, որակական խնդիրներ և այլն:
Նախատեսվում է, որ ֆորումին կմասնակցեն հայաստանյան ՏՀՏ ոլորտի շուրջ 40 ընկերությունների ղեկավարներ, Արցախի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ֆորումը կազմակերպվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության հետ միասին:
Հիշեցնենք, որ վերջերս ԻՏՁՄ վարչության նիստի ընթացքում քննարկվել էր ԼՂՀ-ում տեխնոլոգիական ձեռներեցությանը նվիրված ֆորում անցկացնելու հարցը, և որոշվել էր ԼՂՀ ՏՀՏ զարգացումը դիտարկել որպես պիլոտային փուլ` հաջողակ փորձը Հայաստանի այլ մարզերում կիրառելու նպատակով: