14/09/2010 17:18
Մեկնարկեց հայ-բելգիական գործարար համաժողովը
Այսօր Երևանում մեկնարկեց հայ-բելգիական գործարար համաժողովը: Առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման, գործարար կապերի ընդլայնման նպատակով Հայաստանում է գտնվում Բերգիայի Վալոնիայի նահանգի պատվիրակությունը: Այցելությունը կազմակերպել են Հայկական զարգացման գործակալությունը (ՀԶԳ) և «ԱրմենՎալ» ծրագիրը: Վերջինս 2009 թ-ից իրականացնում է Վալոնիայի արտահանման և ներդրումների գործակալությունը (AWEX), որի նպատակն է նպաստել հայ և բելգիացի արդյունաբերողների և գործարարների համագործակցությանը և ներդրումների ներգրավմանը ՀՀ, նոր տեխնոլոգիաների խթանմանը:
Համաժողովին մասնակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը,
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Լոքերը, ՀԶԳ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, AWEX-ի գործադիր տնօրեն Ֆիլիպ Սուինենը, հայ և բելգիացի գործարարներ:
«Հույս ունենք, որ համագործակցության մի քանի կոնկրետ պայմանագրեր կկնքվեն հայ և բելգիացի բիզնեսմենների միջև, և այդ հաջողությունը թույլ կտա նաև մի քանի տարիների ընթացքում ընդլայնել այս տիպի համագործակցությունը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ն. Երիցյանը:
Այցի շրջանակներում կքննարկվեն երկու երկրների միջև տնտեսական համագործակցության և զարգացման հեռանկարները: Բելգիայից ժամանել են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող 23 ընկերությունների ներկայացուցիչներ (վիրտուալ հաղորդակցություն, էլեկտրոնիկա և հեռահաղորդակցություն, թարմ ծովամթերք, հացահատիկային ապրանքներ, կենդանական սնունդ, հրուշակեղեն, լուսատուների արտադրություն, ինժեներային նախագծեր, շրջակա միջավայրի թափոններ, այլընտրանքային էներգիա, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտահանում, համակարգչային ծրագրերի ինժեներություն և այլն):