14/09/2010 15:20
Թուրքագետ. Թուրքիայի կողմից որևէ լուրջ քայլ պետք չէ սպասել
Սեպտեմբերի 12-ին անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքում Թուրքիայի փոփոխված սահմանադրությունը մի քիչ ավելի ժողովրդավարական դարձավ: Նման տեսակետ հայտնեց հրավիրված մամլո ասուլիսում թուրքագետ Արտակ Շաքարյանը:
«Նախկին սահմանադրության համաձայն` ոստիկանությունը կարող էր մարդկանց արգելել դուրս գալ արտասահման, սակայն այժմ, եթե տվյալ մարդը չի մեղադրվում հանցագործության մեջ և նրա հանդեպ քրեական գործ հարուցված չէ, ապա կարող է ազատ տեղաշարժվել: Մեկ այլ փոփոխությամբ էլ` սահմանադրական դատարանի կազմը 11-ից հասել է 17-ի, իսկ անդամները նշանակվում են երկրի խորհրդարանի և նախագահի կողմից», - ասաց թուրքագետը` շարունակելով թվարկել սահմանադրական փոփոխությունները:
Նոր սահմանադրությունը, ըստ Ա. Շաքարյանի, թույլ է տալիս թուրք պաշտոնյաներին գործադուլ անել, բացի այդ, երկրում առաջին անգամ ներդրվում է օմբուդսմենի ինստիտուտը:
Խոսելով այն մասին, թե ինչպիսի ազդեցություն կունենան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա սահմանադրական բարեփոխումները, Շաքարյան ասաց, որ առաջիկայում թե’ Հայաստանում, թե’ Թուրքիայում լինելու են խորհրդարանական ընտրություններ, և Թուրքիայի կողմից որևէ լուրջ քայլ պետք չէ սպասել. «Սակայն 2013-ից հետո հայ-թուրքական արձանագրությունները կամ կվերակենդանանան, կամ գործընթացը նոր փուլ կմտնի»: