14/09/2010 15:26
Բաբուխանյան. Ադրբեջանը շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Հայկական կողմը պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների առջև խնդիր դնի, որ չի շարունակելու բանակցությունները, մինչև Ադրբեջանը շարունակում է բացահայտ ռասիստական և ֆաշիստական քաղաքականությունը, այսօր ասուլիսի ժամանակ հայտատարեց ՍԻՄ առաջնորդ Հայկ Բաբուխանյանը:
«Այսօր Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվում է բացահայտ ռասիստական, ֆաշիտական հակահայկական քաղաքականություն, հայերին սպանելու համար ազգային հերոսի կոչումներ են տալիս, նրանց անունով դպրոցներ անվանակոչում, այդ թվում այն մարդկանց անունով, որոնք դիվերսիաներ են իրականացրել` խախտելով զինադադարի մասին համաձայնագիրը»,- ասաց բանախոսը, հիշեցնելով որ միջազգային իրավունքով դիվերսանտներին զինադադարի խախտման համար ռազմական դատարան է հասնում:
Ըստ Հ.Բաբուխանյանի, հայկական կողմը պետք է հրաժարվի շարունակել բանակցությունները, մինչև Ադրբեջանում իշխանությունները պատրաստ չլինեն քաղաքակիրթ ձևով երկխոսելու:
«Հայկական կողմը պետք է դուրս գա բանակցային գործընթացից, քանի դեռ Ադրբեջանում չի հաստատվել այնպիսի մի իշխանություն, որը տրամադրված լինի բանակցությունների»,- ասաց նա:
ՍԻՄ առաջնորդի խոսքերով` Ադրբեջանի ղեկավարության այլատյացության պատճառներից է նաև այն, որ մինչ օրս հնարավոր չի լինում զարգացնել հայ-թուրքական երկխոսությունը, քանի որ Բաքուն ճնշումներ է գործադրում Անկարայի վրա:
«Հայ-թուրքական հարաբերություններում որևէ դրական տեղաշարժ տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը հրաժարվի իր նացիստական քաղաքականությունից»,-ասաց Հ.Բաբուխանյանը: