14/09/2010 15:47
Կարծիք. Բանաձևի հետ կանչելը միասնականության արդյունք է
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 64-րդ նստաշրջանից Ադրբեջանի բանաձևի հետ կանչելը հայկական իշխանությունների, քաղաքական ուժերի և հասարակության միասնականության արդյունք է, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՍԻՄ առաջնորդ Հայկ Բաբուխանյանը, նշելով, որ եթե նման միասնականություն լիներ նաև 2008 թվականին, ապա այն ժամանակ ևս հակահայկական ոչ մի բանաձև չէր ընդունվի:
«Ադրբեջանն այն ժամանակ օգտվեց Հայաստանում տիրող քաղաքական ճգնաժամից»,- ասաց բանախոսը, հիշեցնելով նաև Ադրբեջանի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այն ժամանակ կազմակերպված հարձակումը:
Ըստ բանախոսի, ի պատասխան Ադրբեջանի հակահայկական բանաձևի, Հայաստանը ՄԱԿ-ում պետք է բարձրացնի իր տարածքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս հանդիսացող Շահումյանի, Հադրութի և Մարդակերտի շրջանների մի մասի բռնազավթման, Նախիջևանի ամբողջությամբ հայաթափման հարցերը:
«Շուրջ 500 ադրբեջանահայ փախստականներ մինչ օրս ոչ մի փոխհատուցում չեն ստացել, և որպես ցեղասպանություն վերապրածների իրավական ներկայցուցիչ, Հայաստանը պետք է մի շարք բանաձևեր ներկայացնի` պահանջելով պատիժ և փոխհատուցում», - նշեց նա:
Հ.Բաբուխանյանի կարծիքով` Երևանը տարբեր ատյաններում պետք է բարձրաձայնի, որ մինչ օրս Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանը փակում է Հայաստանի բնական կապը Իրանի և իր իսկ հարավային մարզերի հետ:
«Հայաստանը պետք է վերջնագրային ձևով այդ հարցը բարձրացնի Նախիջևանի անվտանգության երաշխավորող հանդիսացող Ռուսաստանի և Թուրքիայի առջև կամ էլ գնա ռազմական լուծման»,- ասաց ՍԻՄ առաջնորդը: