14/09/2010 11:47
Թբիլիսին Մոսկվայի դեմ մեղադրական փաստարկներ կհնչեցնի Հաագայում
ՄԱԿ-ի միջազգային դատարանում` Հաագայում այսօր Վրաստանը կներկայացնի 2008 թվականի օգոստոսյան պատերազմի վերաբերյալ իր փաստարկները Ռուսաստանի դեմ, հայտնում է Բի-Բի-Սի-ի ռուսալեզու բաժինը:
Վրաստանը միջազգային դատարան է դիմել Ռուսաստանի դեմ դեռ 2008 թվականի օգոստոսին` մեղադրելով Մոսկվային 1990-ական թվականներից Ռասայական բոլոր խտրականությունների վերացման միջազգային կոնվենցիայի խախտման մեջ:
Դատարանը դեռ չի սկսել հայցի քննությունը, քանի որ Ռուսաստանը պնդում է, որ դատարանը չունի այդ դիմումի քննարկման իրավասությունը: Հենց ռուսական կողմի այդ դիրքորոշումն է քննարկվում ներկա լսումների ժամանակ: Լսումները, որոնք կտևեն մինչև սեպտեմբերի 17-ը, սկսվել են ռուսական կողմի ելույթով:
Վրացական կողմը գտնում է, որ ունի բոլոր հիմքերը` հաջողության հասնելու այս դատական գործընթացում:
«Մենք գտնում ենք, որ բոլոր այն փաստարկները, որոնք ներկայացնում է Ռուսաստանը, միայն փորձ է խուսափել պատասխանատվությունից: Մենք հույս ունենք, որ կարող ենք ստանալ դատարանի մեծամասնության աջակցությունը»,- հայտարարել է Վրաստանը Հաագայում ներկայացնող, այդ երկրի արդարադատության փոխնախարար Թինաթին Բուրջալիանին: