14/09/2010 14:27
Ա. Շաքարյան. «Թուրքիան փոքրիկ ճակատամարտում տանուլ տվեց»
«Եթե նույնիսկ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչը տեղադրված էլ լինի, ապա, կարծում եմ, որ Թուրքիան տանուլ տվեց այս փոքրիկ ճակատամարտում և սխալ քայլ արեց` չտեղադրելով խաչը, քանի որ թե’ հայ հասարակությունը, թե’ միջազգային լրատվամիջոցները բավականին շատ անդրադարձան խաչը չտեղադրելու հանգամանքին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Նա նշեց, որ թուրքերի համար շատ դժվար է այլ կրոնին պատկանող եկեղեցում խաչ տեղադրել, առավել ևս` հարկ եղած դեպքում հետագայում այն հանել:
Ա. Շաքարյանի խոսքով, թուրքերն ունեն շատ խորամանկ դիվանագիտություն, և լավ կլիներ, որ մենք ևս նման կերպ գործեինք:
«Նրանք մի գործողություն կատարելիս դրա արդյունքները մատուցում են առանձին-առանձին: 2007-ին Աղթամարը վերակառուցվեց, տեսականորեն նրանք կարող էին խաչը տեղադրել և օծել, սակայն մեկ շոու-իրադարձությունը բաժանեցին երեք առանձին մասի. նախ բացեցին Աղթամարը, հետո թույլ տվեցին այնտեղ պատարագ մատուցել և հայերի հանդեպ բարի կամեցողություն ցույց տալու համար` հավանաբար մի գեղեցիկ օր էլ խաչը կտեղադրեն»,- ընդգծեց թուրքագետը:
Բնութագրելով թուրքերի վարած քաղաքականությունը` Շաքարյանն ասաց, որ Թուրքիան առհասարակ հետաքրքրված չէ արդյունքով, այլ կենտրոնացած է գործողության ընթացքի վրա:
Ամենայն հավանականությամբ, ըստ Ա. Շաքարյանի, խաչը ներկա կլինի ծիսակատարության ժամանակ, սակայն գմբեթին տեղադրված չի լինի. «Արդեն կա հայտարարություն, համաձայն որի, Սուրբ խաչ եկեղեցում խաչը պատարագի ժամանակ դրված կլինի եկեղեցում, իսկ պատարագից մի որոշ ժամանակ անց այն տեղադրված կլինի նաև գմբեթին»: