15/09/2010 14:38
Հայ ասպետները նամակ են հղել Թուրքիայի վարչապետ Էրդողանին
Այսօր լրագրողների հետ են հանդիպել Հայ ասպետ կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը և բազմաթիվ հայ պատանիներ: Նրանք տեղեկացրեցին, որ նամակ են ուղարկել Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում մասնավորապես ասված է.
«Ձերդ Գերազանցություն, մենք մի խումբ պատանիներ ենք Հայաստանից և Եվրոպայից, ովքեր ուսումնասիրում են Փոքր Ասիայի պատմությունը։ Այս տարվա օգոստոսին մենք մեկնեցինք շրջագայության Արևելյան Անատոլիա։ Այնտեղ, ցավալիորեն, տեսանք բազում հայկական հուշարձաններ ու վանքեր, որոնք ավերված էին: Այդ տարածաշրջանում ամբողջական մնացած միակ հուշարձանը Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ խաչ վանքն է, որը 10-րդ դարի հայ ճարտարապետության և արվեստի գլուխգործոցներից է:
Ժամանելով Աղթամար` այնտեղ հանդիպեցինք թուրք ոստիկանների կոպիտ ու բռի վերաբերմունքին: Աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկների աչքի առաջ ոստիկանները մեզ դուրս վռնդեցին եկեղեցուց` վախեցած մեր բարձրաձայն աղոթքից: Մեզ չթողեցին անգամ մոմ վառել, ինչպես կարգն է Հայոց առաքելական սուրբ եկեղեցում: Դա տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին` Ձեր կառավարության կողմից ի ցույց ամբողջ աշխարհին թույլատրված Հայոց պատարագ մատուցելուց ընդամենը մի քանի շաբաթ առաջ»,- ասված է Էրդողանին ուղղված նամակում:
«Պարոն վարչապետ, թերթերում Ձեր մասին գրում են, որ Դուք հավատացյալ եք, քարոզում եք հոգևոր արժեքներ: Մենք չենք հասկանում, թե ինչո՞ւ են նման մարդու ղեկավարած երկրի ոստիկանները խոչընդոտում քրիստոնյա երեխաների աղոթքին, ինչո՞ւ են այդ ոստիկանները նյարդայնանում ու բռնանում պատանիների հանդեպ: Մեր միակ «հանցագործությունը» եկեղեցում հոգևոր երգ ու աղոթք բարձրաձայնելն էր:
Մենք ուզում ենք հարցնել Ձեզ` ինչո՞ւ հոգևոր արժեքների մասին խոսող Ձեր կառավարությունը թույլ չի տալիս խաչ տեղադրել այդ եկեղեցու գմբեթին, և այդպիսով կասկածի տակ է դնում այս տարվա սեպտեմբերի 19-ին պատարագ մատուցելու իր անկեղծությունը: Արդյո՞ք մեր աղոթքը կամ գմբեթի խաչը սպառնալիք են Ձեր երկրին: Ինչո՞ւ է նման բան տեղի ունենում 21-րդ դարում, մի երկրում, որը Եվրոպայի խորհրդի անդամ է և ցանկանում է Եվրոպական միության անդամ դառնալ:
Մենք անձամբ եղանք Ձեր երկրում տիրող այդ անհասկանալի կարգերի ու բռնության ականատեսը: Ձեր ոստիկանների վարքը հարիր չէ ժամանակակից աշխարհին: Անցել են այլևս այն ժամանակները, երբ աշխարհում տիրում էր բիրտ ուժը։ Այսօր աշխարհում կան օրենքներ, որոնք պաշտպանում են մարդու և երեխաներիս իրավունքները: Այդ թվում նաև` աշխարհի որևէ վայրում հոգևոր երգ կամ աղոթք անելու մեր իրավունքը», - նշում են նամակի հեղինակները:
Հայ ասպետ հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը լրագրողներին ասաց նաև, որ այս կերպ իրենք ցանկանում են իրենց բողոքն արտահայտել` ի պատասխան օրեր առաջ իրենց հասցված վիրավորանքի: Նա նշեց, որ նամակն արդեն ուղարկված է` հուսալով, որ այն կհասնի հասցեատիրոջը:
«Պատարագը Թուրքիայի կողմից կազմակերպած հերթական թատրոնն է և բնական է, որ, եթե ներկայացման տոմսերը չեն վաճառվում, ապա տպվում են հրավիրատոմսեր, որպեսզի գոնե հանդիսատես ունենան, ոչ թե դահլիճ լցնեն, այլ հանդիսատես ունենան»,- ընդգծեց Կ. Տոնոյանը: