15/09/2010 17:10
Եվրադատավորի հարցը ադրբեջանցիներին. Իսկ ԼՂՀ դիմել ե՞ք
«Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործի քննության ընթացքում ադրբեջանցի դիմումատուներին ու Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, նիդերլանդացի Էգբերտ Մայերը հարց ուղղեց, որ եթե, ինչպես Ադրբեջանն է պնդում, ԼՂՀ և նրա հարակից տարածքները գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո, ապա ինչո՞ւ է հրադադար հաստատելու համար եռակողմ համաձայնագիր կքնվել:
Հիշեցնենք, որ մինչ այդ հնչած ելույթում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն անդրադարձել էր խնդրին ու փաստարկված ներկայացրել, որ ԼՂՀ և նրա հարակից տարածքում արդյունավետ վերահսկողություն իրականացնում են միայն ԼՂՀ իշխանությունները:
Իր հերթին ՄԻԵԴ իսպանացի դատավոր Լուիս Լոպես Գուերան ադրբեջանցիներից հետարքրվեց, թե արդյոք նրանք իրենց տները վերադառնալու խնդրանքով «դիմե՞լ են արդյոք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին»: Ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցիչները հայտնեցին, որ դիմումատուներն Ադրբեջանին չեն դիմել, քանի որ նշված տարածքները չի վերահսկում, Հայաստանին էլ չեն դիմել, քանի որ նա նույնպես հայտարարում է տարածքները չվերահսկելու մասին: «Իսկ Լեռնային Ղարաբաղի՞ն»,- հարցը կրկնեց դատավորը:
Մեծ պալատի լսումները նախագահող ֆրանսիացի Ժան պոլ Կոստան հարկ համարեց զգուշացնել ադրբեջանական պատվիրակությանը` հորդորելով, որ դատավորների հարցերին պատասխանեն ըստ էության և չկրկնեն այն, ինչ արդեն հայտնել են դատարանին:
Ադրբեջանցիները չկարողացան պատասխանել նույնիսկ այն հարցին, թե ե՞րբ է ընդունվել և ուժի մեջ մտել Ադրբեջանի Հողային օրենսգիրքը: Հարցը տվել էր ՄԻԵԴ-ի դատավոր Ալվինա Գյուլումյանը:
Ի դեպ, «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով Ստրասբուրգում ընթացող լսումներին ադրբեջանցի հիմնական դիմումատուն չի մասնակցում: Քննարկումներին մասնակցելու նպատակով Էլհան ու Ադիշիրին Չիրագովները ժամանել են Եվրոպա, սակայն Ստրասբուրգ չեն հասել:Շրջանառվող տեղեկատվության համաձայն` Չիրագովները Փարիզից մեկնել են ոչ թե Ստրասբուրգ, այլ Դյուսելդորֆ:
Գործի քննության ժամանակ ադրբեջանցիներից ներկա են գտնվել երկուսը` Ակիֆ Հասանովը և Ֆեհրեդին Փաշաևը: