15/09/2010 12:13
Ռաքել Դինքը Թուրքիայում փոփոխությունների հույս ունի
Ինչպես տեղեկացնում է «Էրմենիհաբեր» (Ermenihaber.am) լրատվական կայքը երեկ Հրանտ Դինքի կինը` Ռաքել Դինքը հայտարարել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, ըստ որի Թուրքիան պարտավոր է Դինքի ընտանիքին փոխհատուցել 133 հազար եվրո` ներառյալ դատավարական ծախսերը, նվեր է ամուսնուն` ծննդյան օրվա կապակցությամբ: Սեպտեմբերի 15-ը Հրանտ Դինքի ծննդյան օրն է: Ռաքել Դինքը հայտնել է նաև, որ ստացվելիք այդ գումարը բարեգործական նպատակով հատկացվելու է Թուրքիայում գործող 3 հայկական հաստատությունների:
«Ի աջակցություն կրթության գործին` գումար կհատկացվի Դինքի անվան կրթաթոշակների հիմնադրամին, Թուրքիայում հայկական մշակույթի, հայերեն լեզվով կրթության պահպանության համար` Կենդրոնական հայկական վարժարանին և Թուքիայում գտնվող հայաստանցի գաղթականների երեխաներին աջակցող Գեդիկփաշայի բողոքական եկեղեցուն»,- պարզաբանել է Ռաքել Դինքը:
Նա հույս է հայտնել, որ այս որոշումից հետո Թուրքիայում իրավական և քաղաքական տեսակետից շատ բան կփոխվի, որ մինչև օրս խոսքի ազատության, սպանության, հարցաքննության և դատական գործընթացում պատշաճ ձևով իր պարտականությունները չկատարած Թուրքիայի Հանրապետությունը հետայսու մեղավորին անմեղ ցույց տալու և անմեղին մեղավոր ճանաչելու իր գործելաոճից կհրաժարվի:
Ռաքել Դինքը, Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը և «Ագօս» թերթի աշխատակիցները կարմիր վարդեր ու մոմեր են դրել այն, շենքի մոտ, որի առջև 2007 թվականի հունվարին սպանվել էր Հրանտը: