15/09/2010 09:49
Սահակաշվիլին կոչ է արել Ադրբեջանին շրջանցել ՌԴ-ին
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Բաքվում կայացած էներգետիկ գագաթնաժողովին կոչ է արել իր ադրբեջանցի և ռումինացի գործընկերներին կանգ չառնել ձեռքբերումների վրա և շարունակել էներգամատակարարումը` շրջանցելով Ռուսաստանին:
Ինչպես հաղորդում է tut.by լրատվական կայքը, նման հայտարարությամբ Վրաստանի նախագահը հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռումինիայի ղեկավար Տրայան Բեսեսկուի հետ համագործակցության հռչակագրի ստորագրումից հետո, ըստ որի Ադրբեջանից գազը Վրաստանի տարածքով կմատակարարվի Ռումինիա և Եվրոպայի այլ երկրներ:
«Դեպի Եվրոպա էներգետիկ մատակարարումները կավելանան: Այժմ շատ կարևոր է նման կապեր հաստատել դեպի հարավ` Իրանի, Իրաքի և Թուրքիայի հետ», - ասել է Սահակաշվիլին:
Ընդգծելով Վրաստանի կարևոր դերը որպես տարանցիկ երկիր` Վրաստանի նախագահը հիշեցրել է, որ ոչ պակաս նշանակություն ունի նաև Nabucco ծրագիրը:
«Եվրոպան բնական գազ կստանա` շրջանցելով Ռուսաստանին, հենց Ադրբեջանի և Վրաստանի միջոցով: Սա կարևոր նախագիծ է, սակայն ոչ պակաս կարևոր է Nabucco-ն, որը պետք է զարգանա», - ասել է Միխեիլ Սահակաշվիլին: