15/09/2010 12:40
Ռ.Սիմենս. ՆԱՏՕ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին
ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում այն երկու միջադեպերի վերաբերյալ, որոնք զոհերի պատճառ դարձան, և այդ առումով սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, ըստ որի` հակամարտությունը պետք է լուծվի ոժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: Այս մասին այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտատարեց Կովկասի և Միջին Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմենսը:
«Մենք անմիջականորեն բանակցություններին չենք մասնակցում, բայց ամենայն աջակցություն ենք ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի հակամարտությունը կարգավորվի այս սկզբունքների հիման վրա: Մենք սատարում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարների` Ալմաթիում արված հայտարարությանը, որով կոչ է արվում կողմերին միջոցներ ձեռնարկել հիմնախնդրի լուծմանը հասնելու ուղղությամբ»,- ասաց նա:
Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի կողմից ներկայացվող բանաձևերի մասին Ռոբերտ Սիմենսն ասաց, որ յուրաքանչյուր կողմ ազատ է ցանկացած հայտարարություն անել Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, սակայն հիմնախնդիրը պետք է լուծվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացվող երեք սկզբունքների հիման վրա: Նա նաև հիշեցրեց, որ Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա ներկայացված նախորդ բանաձևը Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից չի ընդունվել:
«Եթե համանախագահները գտնում են, որ նման քայլերը պետք չեն, ապա մենք սատարում ենք համանախագահներին նաև այդ մոտեցման մեջ»,- հայտարարեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությանը` Ռոբերտ Սիմենսն ասաց, որ դեռ ոչ մի կողմ այդ առաջարկով չի դիմել:
«Կարող են դիմել, սակայն, քանի որ որևէ առաջարկ դեռ չկա, դրա մասին խոսելը վաղաժամ է»,- հավելեց նա: