16/09/2010 14:34
Դեմոյան. Թուրքական խորամանկ դիվանագիտությունն արժեզրկվել է
«Հայկական կողմի որոշումը` չներկայանալ սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին, ճիշտ էր և լավ մտածված: Ճիշտ էր նաև Մայր Աթոռի որոշումը՝ հայտարարելով, որ իրենց ներկայացուցիչները ևս ներկա չեն գտնվի պատարագին։ Մենք խամաճիկ կամ լարախաղաց չենք, որ մեր ինքնասիրությունը թողնենք ու գնանք»,- լրագրողների հետ հանդիպաման ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։
Նա նշեց, որ Սուրբ Խաչի շուրջ Թուրքիայի բարձրացրած աղմուկն առավելապես քարոզչական նպատակ էր հետապնդում, որն իր իսկ դեմ աշխատեց: Դեմոյանը հիշեցրեց թուրքական մի հին ասացվածք, թե թուրքերը չունեն գերմանական թնդանոթներ, չունեն ռուսական կազակներ, սակայն ունեն փափուկ բարձ, որը ցանակացած պարագայում կարող են դնել բոլորի գլխի տակ:
«Աղթամարի պարագայում թուրքերն այդ բարձը, որը ճարպիկ կերպով միշտ օգտագործում են, դրեցին իրենց իսկ գլխի տակ, քանի որ այնքան անիմաստ քարոզչություն արեցին, այնքան անիմաստ աղմուկ հանեցին, որ այս ամենն իմաստազրկվեց: Պետք է նշել, որ թուրքական խորամանկ դիվանագիտությունը գոնե ինձ մոտ արժեզրկվել է, քանի որ այն տրամաբանությունից դուրս է»,- ասաց թանգարան-ինստիտուտի տնօրենը:
«Թուրքիան լավ է գիտակցում, որ այսքան մեծ քարոզչությունն իր դեմ է աշխատում։ Միանգամայն ակնհայտ է, որ եթե հայկական եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվում, ապա դա զուտ քաղաքական շոու է, որն ի սկզբանե դարձավ տապալված թուրքական սցենար»,- ընդգծեց Հ. Դեմոյանը։
Նշենք նաև, որ Հայկ Դեմոյանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից սեպտեմբերի 17-22-ը Թուրքիա այցելելու և Սուրբ Խաչում պատարագին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել:
«Հրավերների շարքը ևս վկայությունն է այն բանի` թուրքական կողմն արդեն իսկ գիտակցում է, որ իր շոուն հաջողության չի հասել և տապալված է: Իսկ ինձ չհրավիրելու փաստը բոլորովին զարմանալի չէ. ի՞նչ է նշանակում հրավիրել մի հիմնարկի տնօրենի, որը կոչվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»,- ընդգծելով` հարցադրում արեց Հ. Դեմոյանը: